ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Պայքարից հոգնելն ու հրաժարվելը անխուսափելիորեն հանգեցնում է անկման

Պայքարից հոգնելն ու հրաժարվելը անխուսափելիորեն հանգեցնում է անկման
10.06.2023 | 20:25

«Սրա վերջը ինչա՞ լինելու»:

Այս հարցը, թերևս, ամենաշատ հնչող հարցն է, որ տալիս են մեր հայրենակիցները քաղաքական և աշխարհաքաղաքական հարցերի մասին խոսելիս:

Պատասխանը լինում է տարբեր` կախված պատասխանողի քաղաքական հայացքներից, տեղեկացվածության ու գիտելիքների ծավալից: Բայց, գրեթե բոլոր դեպքերում, փորձում են ներկայացնել «վերջի» իրենց տարբերակը:

Իսկ ո՞րն է այդ «վերջը», որ այդքան համառորեն փնտրում են բոլորը, կամ կա՞ արդյոք այդպիսի «վերջ»: Իմ համոզմամբ, այդքան բաղձալի «վերջը» ուղղակի չկա, գոյություն չունի, քանզի մեկի համար մի բանի վերջը մյուսի համար նորի սկիզբն է, կամ ցանկացած վերջ սկիզբ է նորի:

Օրինակ, իշխանության հեռացումը շատերի համար վերջ է, բայց իրակսնում՝ շատ ավելի բարդ ու ծանր նորի սկիզբ: Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը շատերի համար վերջ է, իսկ իրականում՝ այն ձևակերպելու, ամրապնդելու և պաշտպանելու շատ ավելի բարդ նորի սկիզբ:

Անընդհատ սպասելով այդ «վերջին» և չգտնելով այդ «վերջը»՝ մենք հուսահատվում ենք, թևաթափ ենք լինում, դադարում ենք պայքարել, որոշում ենք հանձնել ու հանձնվել, որ «հանգիստ ապրենք»: Մի մասն արտագաղթում է, մի մասը` երազում արտագաղթել, մյուս մասը կոտրվում ու հանձնվում է, իսկ առավել համառները պայքարում են, կռվում են, չեն կոտրվում ու չեն հանձնվում:

Սա, իմ կարծիքով, մեր պարտությունների ու ձախողումների հիմնական պատճառներից մեկն է, եթե ոչ՝ ամենագլխավորը, քանի որ պայքարից հոգնելն ու հրաժարվելը անխուսափելիորեն հանգեցնում է թուլացման ու անկման, նաև՝ մահվան, քանի որ «կյանքը պայքար է, իսկ պայքարը` կյանք» բանաձևը երբեք ու ոչ մի իրավիճակում չի կորցնում իր կենսունակությունն ու նշանակությունը:

Մենք պետք է գիտակցենք շատ կարևոր մեկ բան. քաղաքական ու աշխարհաքաղաքական գործընթացները ՎԵՐՋ չունեն, չեն ավարտվում, փոխակերպվում են, փոխվում են խնդիրների բնույթը, ծավալն ու դժվարությունները, բայց երբեք չեն վերջանում:

Հետևաբար, զինվենք անսահման համբերությամբ, կամքի երկաթյա ուժով, պայքարելու, կռվելու ու հաղթելու մեծ հավատով ու նվիրումով:

Սա է լինելու բանալին:

Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 2849

Մեկնաբանություններ